38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է ՄԻԼԻՈՆԻ»

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է ՄԻԼԻՈՆԻ»
22.10.2010 | 00:00

Օրերս տիկնիկային թատրոնի ճեմասրահում նշվեց անվանի ռեժիսոր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ 85-ամյակը: Լրացել է նաև Մալյանի անվան թատրոնի 30-ամյակը, «Նաիրի» հրատարակչությունը վերահրատարակել է Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գիրքը, բացվել է անվանի ռեժիսորի անվան կայքէջ: «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամը և «Ռադիո Վանը» նախաձեռնել են Երևանում կանգնեցնել Հենրիկ Մալյանի հուշարձանը: Առաջին անգամ ժողովրդական հուշարձան է տեղադրվելու մեր քաղաքում, ոչ միայն այն իմաստով, որ նվիրված է ժողովրդի կողմից սիրված մարդուն, այլև կանգնեցվելու է ժողովրդի` մեզնից յուրաքանչյուրի ներդրած գումարով: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ողջունեց Մալյանի արձանը կանգնեցնելու գաղափարը: Ըստ նրա` Երևանն աղքատ է արձաններով, շատ մեծանուն մարդիկ կան, որոնց հուշարձանները պետք է մայթերին կանգնած լինեն, որովհետև ժողովրդի մարդիկ են:
«Հենրիկ Մալյանի մեծությունը հասկանալու համար պետք է վերհիշել ժամանակը, որում նա ապրում էր,- ասաց ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ:- «Հայֆիլմում» չկար հայոց ֆիլմ: Մեր կինոյի հիմքը Համո Բեկնազարյանն է դրել, բայց նրանից հետո տասնյակ տարիներ ապազգայնացվեց հայկական կինոն, ինչ արվում էր, արվում էր Մոսկվային դուր գալու համար: Տիրող ապազգային ֆոնի վրա հայտնվեց Հենրիկ Մալյանը: Նկարեց իր առաջին ինքնուրույն ֆիլմը` «Եռանկյունին», տարբեր և՛ ձևով, և՛ մտածելակերպով, և՛ էսթետիկայով: Բոլորն ապշեցին, առաջին հերթին ապշել էր Մոսկվան: «Հայֆիլմում» աշխատող ռեժիսորները հասկացան, որ իրենք սխալ ճանապարհի վրա են և սկսեցին վերադառնալ դեպի ազգայինը, դեպի իրենց արմատները: Այն, ինչ արեց Մալյանն այդ ժամանակներում, չափազանց դժվար էր, վտանգավոր: Հետո, երբ նա նկարահանեց «Նահապետը», «Կտոր մը երկինքը», արդեն պարզ էր, որ մենք գործ ունենք հանճարեղ մարդու հետ»: Սիրված դերասանը խոսեց նաև իր ստեղծագործական կյանքում Հենրիկ Մալյանի ունեցած դերի մասին, շեշտեց, որ եթե չլիներ «Մենք ենք, մեր սարերի» լեյտենանտը, չլիներ «Եռանկյունու» Մկրտիչներից մեկը, չլիներ «Նահապետը» և այլն, ինքը շատ բան կորցրած կլիներ: «Այդ բոլորն իմ կյանքում կար, որովհետև կար Հենրիկ Մալյանը: Կար Մեծ հայը»,- ասաց նա: Մատենադարանի, «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ նկատեց, որ շատ քիչ է խոսվել Մալյանի գրական ժառանգության մասին: Նրա «Երկխոսություն երրորդի համար» գրքում միահյուսված են գրական տարբեր ժանրեր` հուշագրություն, խոհագրություն, ակնարկ, նովելատիպ պատումներ, արվեստագիտական խոր վերլուծություններ: Հրաչյա Թամրազյանը խոսեց նաև Մալյանի թատրոնի մասին. «Դժվարին ճանապարհ անցած թատրոնին այսօր օդի պես անհրաժեշտ են պետական հոգածություն և հասարակական ուշադրություն, ինչին թատրոնը լիուլի կփոխհատուցի յուրօրինակ, խիզախ, բարձրարվեստ բեմադրություններով` դառնալով քաղաքի հոգևոր կյանքի անբաժանելի մասը: Այսօր թատրոնն ապրում է, նրա գեղարվեստական ղեկավարն է Նարինե Մալյանը: Իր հուշապատումի մեջ Հենրիկ Մալյանն ունի չափազանց հուզիչ մի դրվագ` երիտասարդ տարիներին չորսամյա դուստրն է եղել իր միակ ամենաթանկ, իդեալական հանդիսատեսը, որին նա շռայլել է իր հոգու գանձերը»:
Երգահան, երաժշտագետ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ նշեց, որ Մալյանը կինոյի մեծ աշխարհ մտավ իր փոքր, ամենաանհրաժեշտ գործիքներով ու բերեց խաղի իր կանոնները: «Սա ինքնին նոր իրադարձություն է, ես չգիտեմ` կինո է, թատրոն է, սա մի բան է, որ մենք ենք, մեր կինոն է: Անհրաժեշտություն է: Կոմիտասյան է: ՈՒ պիտի շարունակվի այդպես»: Երգահանի համոզմամբ` Մալյանը կինոյում անում էր այն, ինչ Կոմիտասն անում էր մեր երգերի հետ: Մալյանի ֆիլմերը խորհելու առիթ են տալիս: Ինչո՞ւ այսօր չունենք հայկական լավ կինո ասվածը: Ասում են` պատճառը ֆինանսն է: Բայց ինչ-որ ժամանակ ստեղծվել են արժեքներ` առանց մեծ գումարների և հզոր տեխնիկայի: Ըստ դերասան Հայկ Սարգսյանի` փոխվել են կյանքի և կինեմատոգրաֆիայի օրենքները: «Ոչ թե լավ դերասան չկա, կամ լավ ռեժիսոր, այլ ուղղակի կյանքի ռիթմն է փոխվել, փոխվել են ժամանակները: Այն, ինչ կարելի էր այն ժամանակ անել փոքր գումարներով, հիմա գրեթե անհնար է: Համաշխարհային կինոն զարգացած է, նկարահանվում է լավագույն տեխնիկայով: Կինոն պետք է այդ ստանդարտներին համապատասխանի»: Հայկ Սարգսյանը մեծացել է խորհրդային շրջանի ֆիլմերով և համոզված է, որ և՛ այս, և՛ հետագա սերունդները հոգեհարազատ գաղափարներ, մարդկային հարաբերություններ կգտնեն այդ ֆիլմերում, այն, ինչ չունեն ժամանակակից ֆիլմերը: Չի՞ հնացել արդյոք Մալյանի արվեստը նոր սերնդի համար: «Մի՞թե բարությունը, նոստալգիան կարող են հնանալ»,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը, որը եղել է Մալյանի ուսանողը, և ահազանգում` չունենք կինոշուկա, կինոդահլիճներ, ստեղծված ֆիլմերը մնում են դարակներում, ոչ մի ֆիլմ իր տրամաբանական շարունակությունը չի ունենում, կինոարտադրությունը չի զարգանում, եղած մեկ-երկու կինոթատրոններն էլ հանդիսատես չեն պահում, կորցրել ենք հանդիսատեսին: «Մենք սխալ դիրք ենք ընտրել,- ասում է նա:- Հեռուստատեսությամբ ցուցադրում ենք ֆիլմեր և ասում` ժողովուրդը սա է ուզում: Ինչ ցույց են տալիս, ժողովուրդը դա է նայում: Մալյանն իր գրքում գրում է հանդիսատեսի մասին, այսօրվա մասին: Կային ֆիլմեր, որ նկարահանվում էին, կարծես թե, միջին հանդիսատեսի համար, բայց բոլորի համար էին, օրինակ` Չապլինի ֆիլմերը։ Մալյանն ասում է` մեր սխալն այն է, որ արվեստն ուզում ենք իջեցնել միջին հանդիսատեսի մակարդակին»: Այսօր ճանաչո՞ւմ են Մալյանին` հարցնում եմ Նիկոլայ Դավթյանին: «Պիտի ասեմ` այսօրվա երիտասարդությունն ընդհանրապես ոչ մի բան չի նայում: Բայց երբ սկսում ենք քննարկել, երբ իրենց մոտեցնում եմ կինոյին, զգում եմ հետաքրքրությունը, սկսում են մտածել, հասկանում են` ինչի համար է նկարահանվել, առաջին շերտն են հասկանում, երկրորդը… Մալյանի ֆիլմերը բարդ են, թվում է` միաշերտ են, բայց իրականում տասը շերտ ունեն: Իմ ուսանողը հասկանում է դա: Էլի նույնն եմ ասելու` պետք է վերադարձնել հանդիսատեսին»: Իսկ Մալյանն ասում է. «Եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մեկ մարդու, միայն մեկ մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ: Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները` ուրիշներին, ինձ` միմիայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես»:
Հանդիսատեսը երեկոյի ավարտին հնարավորություն ունեցավ դիտելու երեսուն տարվա վաղեմություն ունեցող ներկայացում` «Թումանյանի հեքիաթները», որով տարիներ առաջ բացվել էր Մալյանի թատրոնը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ